Հոկտեմբերի 25-29 կայացավ «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում» երկու վերապատրաստման դասընթաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության աշխատակիցների համար: Միջոցառումը կազմակերպվել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ:
Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Հայաստանում կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ազդեցություններին, ռիսկերին, խոցելի ոլորտներում առկա և մշակվող քաղաքականություններին և օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև կլիմայական ռիսկերի կառավարման և հարմարվողականության հիմնական գործելակերպերին ու տեխնոլոգիաներին գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Ներկայացվել են նաև կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ համայնքների կարողությունների զարգացման և դիմակայունության մակարդակի բարձրացման հիմնախնդիրներն ու ուղղությունները, մարզային և համայնքային ռազմավարություններում և զարգացման ծրագրերում կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների ներառման անհրաժեշտությունը, միջազգային և ազգային մակարդակներում համագործակցության և «կանաչ» ֆինանսավորման հնարավորությունները, ֆինանսավորման նորարարական մեխանիզմները: Քննարկվել է նաև համայնքներում կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանն առնչվող թեմաների վերաբերյալ կրթության և իրազեկության մակարդակի բարձրացման կարևորությունը:
Դասընթացի ընթացքում շրջայցներ կազմակերպվեցին Ձորաղբյուր և Հովք համայնքներում գործող «Կանաչ ուսուցման կենտրոններում»՝ մասնակիցներին ծանոթացնելով գյուղատնտեսության ոլորտում առկա մշակության կայուն տեխնոլոգիաներին և ագրոտեխնոլոգիաներին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների օգնությամբ գյուղատնտեսության վարման գործելակերպերին և գյուղական տուրիզմի զարգացման օրինակներին:
Դասընթացներին մասնակցեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերից շուրջ 20 մասնագետ: